Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Օրակարգում միայն նախագահի ընտրության հարցը չէր

Օրակարգում միայն նախագահի ընտրության հարցը չէր
22.10.2013 | 11:15

Հոկտեմբերի 20-ին գրողների միությունում տեղի ունեցավ արտահերթ համագումար: Գրողներն ընտրեցին իրենց նախագահին: Համագումարը սպասվածից ավելի աղմկոտ էր: Մինչ համագումարն էլ գրողական քարոզարշավը թեժ էր, հանրության հետաքրքրությունը գրական անցուդարձի նկատմամբ` մեծ:

Հիմնական թեկնածուները 3-ն էին` մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը, Ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը:
Հավանական թեկնածուն համարվում էր Էդվարդ Միլիտոնյանը: ՀԳՄ նախագահի իրենց թեկնածուին պետք է առաջադրեին նաև երիտասարդ գրողները, բայց ստեղծված անառողջ եռուզեռի պատճառով դաշտը թողեցին ավագներին: Սարերի հետևում մնաց Վանո Սիրադեղյանի վերադարձի ու գրողների միությունն իր թևի տակ առնելու վարկածը:
Ամիսներ առաջ այս պատերի ներսում նախագահի ընտրությունն անցել էր միաձայն, բաց քվեարկությամբ, անաղմուկ, առանց մրցակցության ու ավելորդ դրամատիզմի:
Թվում էր՝ այս անգամ էլ ամեն ինչ կանցնի հալած յուղի պես: ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը հենց սկզբից հորդորեց իրար չվիրավորել, ասելով` ով ում ուզում է, թող ընտրի:
Համագումարին ներկա էր ՀԳՄ 355 անդամ: Իրենց նախընտրած նախագահի օգտին քվեարկելու իրավունք ունեին նաև սփյուռքի ու Արցախի մեր հայրենակիցները, ու հենց Հայաստան-Արցախ-Սփյուռք կամուրջն էլ սրեց համահայկական համագումարի լարվածությունը:
Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ առաջարկվեց ընտրել քարտուղարություն՝ Պետրոս Դեմիրճյան, Ավիկ Իսահակյան, Վազգեն Գաբրիելյան, Հրաչյա Սարուխան կազմով:
Գրող Աշոտ Խաչատրյանը դեմ քվեարկեց ու զայրացավ, երբ դա չարձանագրվեց: Սկսվեց գրողների վեճուկռիվը, համագումարի բնականոն ընթացքը, մեղմ ասած, շեղվեց` դառնալով անվերահսկելի: Առաջարկը բավարարվեց: Բեմ հրավիրվեցին արձանագրողներ: Հաշվիչ հանձնաժողովի ընտրությունն էլ կայացավ երկար բանավեճից հետո:
Քարտուղարության նախագահ Վազգեն Գաբրիելյանը հույս հայտնեց, որ վաղը մամուլը միաձայն կասի` այստեղ հավաքված էին գրողների միության անդամներ, նրանք բարեկիրթ, մտավորականին վայել կեցվածքով խոսեցին, արտահայտվեցին, եղավ ընտրություն, բացառիկ ընտրություն, բաց, արդար, որից կարող են օրինակ վերցնել: Վազգեն Գաբրիելյանը խնդրեց նաև, որ տեղերից չխոսեն գրողները, զգուշացնելով, որ նկարահանողները ֆիքսում են նրանց, ովքեր փորձում են խանգարել համագումարը: Հաշտության այս նոտայից հետո հիշեցրեց, որ իրենք հավաքվել են տխուր առիթով, քանի որ անժամանակ կյանքից հեռացել է ՀԳՄ նախկին նախագահը, և պարտավոր են նոր ընտրություն անել: Համագումարի ընթացքում առաջադրվեց նաև Վլադիմիր Հայրապետյանի և Ռոմիկ Սարդարյանի թեկնածությունը:
Պարզվեց, որ, այնուամենայնիվ, օրակարգում միայն նախագահի ընտրության հարցը չէր, գրողները արտահայտվելու բուռն ցանկություն ունեին: Միայն թե պարզ չէ` բոցաշունչ ելույթները հանուն գրականությա՞ն էին, թե՞ հանուն նախընտրած թեկնածուի:
Խոսեցին նաև թեկնածուները: Վլադիմիր Հայրապետյանն ասաց, որ 2006-ից գրողների միությունը չի ունեցել կանոնադրություն, գործել է ապօրինի: 2013-ին վերջապես ՀԳՄ-ն վերագրանցվել է որպես հասարակական կազմակերպություն, ընդունել է կանոնադրություն, բայց, ըստ նրա, ավելի լավ էր չընդուներ, մնային ապօրինի դաշտում, քան ընդունվեր նման կանոնադրություն: Թեկնածուն իր խոսքը հիմնավորելու համար մի քանի օրինակ նշեց: Ըստ կանոնադրության` ՀԳՄ անդամ կարող է լինել Հայաստանի, արտերկրի ցանկացած հայազգի քաղաքացի, ով ստեղծագործում է, մինչդեռ ՀԳՄ անդամների մեջ կան ասորի, քուրդ, ռուս գրողներ: Սփյուռքահայ գրողների համար նախագահությունը և վարչությունը սահմանել են պարտականություններ առանց իրավունքների, տվյալ դեպքում, ընտրում են նախագահ` առանց ընտրվելու իրավունքի: 13 տարի գրողների միությունում չի եղել աուդիտ, ֆինանսատնտեսական գործունեության ոչ մի ստուգում, գրողների միությունը 30 թվականների կոլխոզի սկզբունքով է կառուցված: Կամ ի՞նչ է նշանակում երկու կոլեգիա համատեղ` նախագահություն և վարչություն, ի՞նչ են անում, ոչ մի բան: Թեկնածուն առաջարկեց նախ տունը մաքրել, նոր հրավիրել տանտիրոջը` նախագահին, ապա ինքնաբացարկ հայտարարեց և գրողներին հորդորեց ձայն տալ Հովիկ Հովեյանին:
Հովիկ Հովեյանը հաստատեց այն տեսակետը, որ կանոնադրական փոփոխություններ պետք է արվեն, և որ սփյուռքի գրողները վերածվում են ընտրազանգվածի: Ընդգծեց, որ գրողների միության նախագահը բոլոր գրողների նախագահը պիտի լինի, ոչ թե մի քանի գրողի, որ գրողների միությունից ինքնաբերաբար դուրս պիտի մնան այն գրողները, ովքեր չեն ստեղծագործում, բացառությամբ առողջական խնդիր ունեցողների, դատապարտվածների: Ներկայացված ծրագրերի համատեքստից դուրս չմնաց անգամ բեմական վարագույր ունենալու անհրաժեշտությունը, որը վաղուց պետք է փոխարիներ դահլիճը զարդարող գազարագույն կտորներին:
Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց, որ գրողների միություն մեծ թվով անդամներ չպետք է ընդունվեն, ՀԳՄ վարչությունը, նախագահությունը պետք է ընտրեն այնպիսի հանձնաժողովներ, որ խիստ աշխատեն, և ՀԳՄ նախագահը իրեն չվերապահի մրցանակներ տալու մենաշնորհը: Համացանցի և այլ միջոցներով ժամանակակից գրականության հանրահռչակումն էլ թողեց երիտասարդներին:
Դավիթ Սարգսյանը նկատեց, որ համագումարի ժամանակ առաջադրվող թեկնածուն ինքնաբերաբար կորցնում է արտերկրում բնակվող գրողների մոտ 100 քվեն: Թեկնածուն նշեց նաև, որ անկախությունից հետո գրողները գրեթե չեն արձագանքում հասարակական խնդիրներին, մինչդեռ խորհրդային շրջանում յուրաքանչյուր գրական ժողով պայթյունավտանգ էր:
Ռոմիկ Սարդարյանը հիշեց Մարգարետ Թետչերին: Մեծ Բրիտանիայի վարչապետին հարցրել են` ինչպե՞ս կարելի է լավ կառավարել, ասել է` պետք է ես լինեմ ու լինի հինգ ազնվագույն մարդ, ինչը բավական է, որ ես կառավարեմ տվյալ երկիրը: Թեկնածուն ասաց նաև, որ գրողը պետք է քաղցած չմնա, 10-15 տարի աշխատելուց հետո ստեղծագործող գրողը պետք է թոշակ ստանա, առաջարկեց հիմնովին վերանայել նախագահության և վարչության կազմը (վերջինիս անդամ է ինքը), գրողների միության անդամ դարձած, մրցանակ ստացած գրողների գործերը ներկայացնել մամուլում: Կարճ ասած, հարկ է, որ գրողական ընտանիքը երևա իր արածով ու չարածով:
Առաջարկներ եղան, որ համագումարը շարունակվի մի քանի օր, որովհետև գրողները խոսել էին ուզում, բայց մի ստվար զանգված էլ ուզում էր հնարավորինս քիչ ելույթ լսել ու շուտ ավարտել նոր նախագահի ընտրությունը: Արդյունքում ՀԳՄ համագումարը անվանեցին տխուր, նմանեցրին «Մալաթիա» տոնավաճառին, խորհուրդ տվեցին պատերի տակ փսփսալուն վերջ տալ ու անցնել ստեղծագործական աշխատանքի: Հատկապես վեճի առիթ դարձավ սփյուռքի գրողների ընտրելու իրավունքի հարցը: Արտերկրում «առոք-փառոք» ապրող մեր հայրենակիցներին անվանեցին ընտրազանգված, ընդհուպ` նախիր: Լիբանանահայ գրող Սագո Արեանը հորդորեց հեռու պահել սփյուռքի գրողին ընտրական հաշվարկներից, որովհետև սփյուռքում ապրող գրողի քվեն ի զորու չէ նախագահ ընտրելու, ասաց, որ ո՛չ Շահան Շահնուրը, ո՛չ Հակոբ Օշականը ՀԳՄ անդամ չէին, և որ բավական է սփյուռքի աղբը լցնեն Հայաստան, իր քվեն էլ իրենն է, սրբություն է և չի պատրաստվում ասելու, ում օգտին է քվեարկում:
Նախագահությունը որոշեց, որ այդ հարցը քննարկման ենթակա չէ: Հովիկ Հովեյանը հիշեցրեց, որ ցանկացած հարցի վերջնական լուծում պետք է տա համագումարը` որպես բարձրագույն մարմին: Դավիթ Սարգսյանն ինտրիգային առաջարկ արեց, հաստատելու համար, թե որքան խախուտ են Հայաստանի և սփյուռքի գրողների հարաբերությունները: Ասաց` պարսկահայ Վարանդի թեկնածությունն է առաջադրում` որպես նախագահի, ի՞նչ պիտի անեք:
Ելույթներն այսքանով ավարտվեցին: Վիճահարույց դրույթը, որը սփյուռքահայ գրողներին ընտրելու իրավունք պիտի տա, հավանաբար, կքննարկվի հաջորդ համագումարում:
Դահլիճում նստած գրողներից մեկը նկատեց, որ բարկանալ նշանակում է ապրել: Միայն թե գրողների աղմուկ-աղաղակը փոքր-ինչ արհեստածին բնույթ ուներ, եթե չասենք տեղ-տեղ անհարկի ու ոչ գրողական:
ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը: Համագումարից առաջ հրավիրված ասուլիսում նա ասել էր, որ գրողների միության նախագահը պետք է հեղինակություն ունենա, գրական զգալի ժառանգություն, հասարակության մեջ ճանաչված լինի` իր գործունեությամբ, իր գրականությամբ: Նրա բնորոշմամբ` ՀԳՄ նախագահը պաշտոն չէ, գրողների հարցերով զբաղվելու հնարավորություն է, և գրողները պետք է հավատան, որ այդ մարդը կարող է իրենց հարցերով զբաղվել:
Հավելենք, որ Էդվարդ Միլիտոնյանը ստացավ 199 ձայն, Հովիկ Հովեյանը՝ 100, Դավիթ Սարգսյանը՝ 24, Ռոմիկ Սարդարյանը՝ 4: Անվավեր ճանաչվեց 7 թերթիկ: Հիշեցնենք, որ ՀԳՄ անդամների թիվը 525 է, որոնցից 386-ը Հայաստանի գրողների միության անդամ են, 43-ը` Արցախի, 96-ը` սփյուռքի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ